Daily Archives: October 14, 2022
Մայրենի 14․10․2022.
Մայրը Հ. Թումանյան
Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։
Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։
Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։
Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։
Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։
Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։
Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։
— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։
Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։
Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։
Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։
Առաջադրանքներ`
1.Գրի’ր պատմության ասելիքը։
2.Դուրս գրի’ր պատմող հերոսի զգացողությունները ներկայացնող հատվածները: Ի՞նչ են տալիս այդ զգացողությունները պատմվածքին, ո՞րն է դրանց անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ:
Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։ Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին։Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։
Այդ զգացողությունները տալիս են պատմվածքին սեր գարնան հանդեպ և անհամբեր սպասումը գարնանը։
3.Գրավոր մեկնաբանի’ր հետեւյալ միտքը. «… Չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը»։
Վայրի խաղող
Վայրի խաղողը մագլցողների թվում ամենացրտադիմացկուն բնափայտային բույսերից մեկն է, որը աչքի է ընկնում ամենաբարձր դեկորատիվ առանձնահատկություններով։ Այս բույսը հատկապես գեղեցիկ է ուշ աշնանը, երբ տերևները ստանում են անզուգական

կինոմոնակարմրավուն երանգ։ Արագաճ բույս է, բարձրությունը հասնում և երբեմն անցնում է 10 մ-ից։ Կառչող բույս է բեղիկներով հեշտությամբ կառչում է պատի աննշան ելուստներին սակայն հենարանի կարիք է զգում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, մայց լավ է աճում պարարտ, սննդանյութերով հարուստ հողում։ Պահանջում է առատ հաճախակի ոռոգում։ Հեշտությամբ բազմանում է սերմերով, կտրոններով և հասարակ անդալիսով։ Անդալիսով բազմացնելիս շիվը պառկեցնում են գետնին և կեռկալներով ամրացնելուց հետո հող լցնում վրան։ Հանգույցներից բույսը շիվեր և արմատներ է արձակում։ Հաջորրդ տարի գարնանը դրանք անջատում են միմյանցից և որպես ինքնուրույն բույս տնկում համապատասխան հողամասերում, 30-40 միջբուսային տարախությամբ։ Կտրոններով բազմացնելու դեպքում մեկ տարեկան շիվերը վաղ գարնանը կտրում են 15-20 սմ երկարությամբ, յուրաքանչյուր կտրոնի վրա թողնելով 3-4 աչք, և ջերմատանը կամ ջերմոցում տնկում են այգու ավազախառը հողում։


