28 մարտի-1 ապրիլի
Հայ մեծ հեքիաթագիր Ղազարոս Աղայանը և մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը շատ մտերիմ ընկերներ էին: Թումանյանը մեծ հարգանքով էր վերաբերվում Աղայանին և հաճախ խորհրդակցում նրա հետ: Թումանյանի դուստր՝ Նվարդի հուշերից. «Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ»:
Թիֆլիսի հին թաղերից մեկում՝ Բեհբության փողոցում գտնվող Թումանյանի վարձած նոր բնակարանը զգալի մեծ էր առաջվա բնակարանից: Բանաստեղծը իր նոր տան մեջ մի ընդարձակ սենյակ, պատերը մեծ մասով պատած գրապահարաններով, հատկացրել էր որպես սենյակ-հավաքատեղի իր ընկերների համար: Ավետիք Իսահակյանի «Հովհաննես Թումանյան» հուշերից. «Ղ. Աղայանը, Դ. Դեմիրճյանը, ես և մեր մյուս ընկերները կանոնավոր կերպով շաբաթը մեկերկու անգամ հավաքվում էինք Թումանյանի մոտ՝ իրար տեսնելու և զրույց անելու: Այսպիսով նրա տունը դարձել էր մեր հավաքատեղին: Թեյ էինք խմում, ընթրում, խոսում: Ձմեռը վառվռուն բուխարիկի շուրջը նստած՝ կատակում էինք, անվերջ զրույց անում, խոսում, վիճում»: Այդպես ստեղծվեց «Վերնատունը»: «Վերնատան» նահապետի տիտղոսը տրված էր Ղազարոս Աղայանին, և այդպես էլ պետք է լիներ թե՛ տարիքի բերումով, թե՛ նրա ունեցած վիթխարի հեղինակության՝ հայության բոլոր շրջաններում:
1905 թվին, Ամանորի օրը՝ հունվարի 1-ին, Թումանյանը իր «Բանաստեղծություններ» (1903) ժողովածուն նվիրում է Ղազարոս Աղայանին հետևյալ ընծայագրով. «Իմ անգին Ասլան ապորը Ղ. Աղայանին»: Իսկ գրքի անվանաթերթին թողնում է հետևյալ էքսպրոմտը. Անցավ հին տարին, կանցնի և նորը, Կանցնի՞ արդյոք մեր անբախտ օրը:
Հ. Թումանյանը գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու հուսադրողն էր` նա զարմանալի կերպով կարողանում էր իրար դեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, խաղաղ տրամադրություն ստեղծել: Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Աղայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Թումանյանը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:
1900-ական թթ. սկզբներին սրվել էին հայ-թաթարական հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառ՝ բանակցությունների: Կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմջապես տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով ասում. «Բերեք ձեր փահլևանին»: Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում էշ. «Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ տուր…», Աղայանի համբերությունը հատնում է. «Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին:
