Հայկական խոհանոցը հարուստ է ազգային ուտեստներով:Հին հայկական ուտեստներից է
Համարվում նաև ղափաման:Հնում այն մատուցել են տոնախմբությունների ժամանակ:Հայերն այնքան էին սիրում ղափաման,որ դրա մասին երգ էին
նվիրել (Հե՝յ,ջան ղափամա): Ղափաման բարդ պատրաստվող կերակուր է և ժամանակին այն պատրաստել են ողջ ընտանիքով: Ղափամայի մասին անգամ լեգենդներ են հյուսվել, դրա համաձայն դդումը երկրագունդն է, բրինձը՝ համայն մարդկությունն է, չրերն ու ընկուզեղենը՝ տարբեր հավատքի ու ազգության մարդիկ են: Ղափաման աղանդեր է՝ դեսերտ և ունի պատրաստման տարբեր եղանակներ: ժամանակին միջուկը պատրաստել են նաև ձավարով, մսով, թարմ մրգերով, բայց ամենահայտնի տարբերակը դդումի մեջ լցոնած բրինձն է՝ չրեղենի, ընկուզեղենի ու մեղրի հետ:
Ղափամա պատրաստելու համար հարկավոր է.
- դդում
- բրինձ — 0,5 կգ
- ծիրանաչիր — 100 գ.
- սալորաչիր — 100 գ.
- պիստակ — 100 գ.
- պոպոք — 100 գ.
- շաքարավազ
- մեղր
- դարչին
- կարագ:
Նախ անհրաժեշտ է կտրել դդումի պոչի հատվածը՝ այնպես, որ այն ունենա կափարիչի տեսք, հեռացնել կորիզները և ներսը բարակ շերտով պատել շաքարավազով: Ցանկալի է, որ դդումն ունենա բարակ կեղև, որպեսզի այն հեշտ եփվի ու հյութալի ստացվի: Ապա պետք է խաշել բրինձը՝ ավելացնելով աղն ըստ ճաշակի: Բրինձը պիտի լինի կլորավուն, որպեսզի կպչողականությունը մեծ լինի ու կտրատելիս ունենաք շերտավոր տեսք: Կարևոր է չրերի ճիշտ ընտրությունը. հարկավոր է, որ դրանք լինեն և՛ քաղցր, և՛ թթու համերի: Ծիրանաչիրն ու սալորաչիրը պիստակի ու ընկույզի հետ միասին տապակում ենք կարագի մեջ, ապա ավելացնում մեղր այնքան, որ միջուկը ծածկվի, իսկ վերջում՝ մի պտղունձ դարչին: Բրինձն ու չրեղենի զանգվածը պիտի լինեն կիսաեփ, որպեսզի դդումը լցոնելուց ու այն ջեռոցում տեղադրելուց հետո միջուկը ստանա անհրաժեշտ եփվածության աստիճան: Խաշած բրինձն ու տապակված չրեղենը խառնում ենք ու լցնում դդումի մեջ: Ղափաման ջեռոցում թողնում 30-40 րոպե՝ կախված դդմի մեծությունից:
Այն մատուցվում է սառը վիճակում՝ ցանկալի է, քաղցր դեսերտային կարմիր գինով:
